Հայաստանն ու Հնդկաստանը որոշել են նոր լիցք հաղորդել երկու երկրների միջև առկա դարավոր բարեկամական հարաբերություններին: Հենց այս նպատակն էր հետապնդում Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարիի պաշտոնական այցը Հայաստան:
Չնայած բարձր մակարդակում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ քննարկվել են նաև երկու երկրների միջև քաղաքական երկխոսության զարգացման հարցեր, տարածաշրջանային միջազգային իրադրությունը, սակայն ակնհայտորեն հնդկական կողմին հետաքրքրում է տնտեսական համագործակցության խորացումը:
«Հնդկաստանն ունի կարողություններ և պատրաստ է դրանք կիսել Հայաստանի հետ»,- ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն ընդգծել է Հնդկաստանի փոխնախագահը: Վերջինիս խոսքով, այսօր Հայաստանը դեպի Հյուսիս, Արևմուտք և Արևելք իր ասոցացված հարաբերություններով ձեռք է բերել կարևորագույն նշանակություն, և Հնդկաստանը կարևորում է տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությունը: ՀՀ վարչապետն իր հերթին նշել է, որ պատրաստ է ապահովել անհրաժեշտ նպաստավոր պայմաններ հնդկական ընկերությունների համար Հայաստանում գործունեություն ծավալելու նպատակով: Տնտեսական ոլորտում համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարության ղեկավարն առաջարկել է թիրախավորել երկու բնագավառ՝ տեխնոլոգիաների փոխանցում և գյուղատնտեսություն: «Կարևորն այն է, որ հնդկական բիզնեսն այսօր ունի կարողություն և պատրաստակամություն՝ Հնդկաստանից դուրս ներդրումներ կատարելու համար: Մենք մեծ ուշադրությամբ կդիտարկենք և կօժանդակենք, որպեսզի ավելի լայն դաշտում Հնդկաստանն ու Հայաստանը բացահայտեն համագործակցության նոր հնարավորություններ»,- շեշտել է Համիդ Անսարին՝ հետաքրքրի համարելով Մեղրիում ազատ տնտեսական գոտում հնդկական կապիտալը ներգրավելու հնարավորությունը:
Հնդկաստանի առաջին փոխնախագահի այցը տարածաշրջանային երկրներից միայն Հայաստան, որն ի դեպ նման մակարդակի առաջին այցն էր 2005 թվականից ի վեր, վկայում է, որ այդ երկիրը հետաքրքրված է Չինաստանի առաջարկած «Մետքասի նոր ճանապարհ» ծրագրի շրջանակներում դեպի ՌԴ և եվրոպական երկրներ ու հակառակ ուղղությամբ արագ և մատչելի փոխադրումներ իրականացնել հենց Հայաստանի միջոցով: Իհարկե, Ադրբեջանը ևս կարող է կյանքի կոչել հնդկական այս ծրագիրը, սակայն ակնհայտորեն քաղաքական որոշ տարաձայնություններ՝ մասնավորապես Պակիստանի հետ վերջինս հարաբերությունների բարեկամական բնույթը, հնդկական կողմին այդքան էլ վստահություն չի ներշնչում Բաքվի հանդեպ:
Հայ-հնդկական համագործակցության խորացման հարցում կողմերի լուրջ մտադրության մասին վկայում է Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուքերջիի՝ Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով Հնդկաստան այցելելու հրավերը հայ-հնդկական փոխգործակցության օրակարգն ու հարաբերությունների խորացման հնարավորությունները և հեռանկարը քննարկելու նպատակով: