Ադրբեջանն իր նավթի պահուստների կեսից ավելի օգտագործել է, և այլևս սարերի ետևում չէ, երբ այդ իմաստով շուտով կկորցնի գերտերությունների հետաքրքրությունն իր նկատմամբ: Նման կարծիք է հայտնել համահայկական «Հայաստան» հիմնադրամի ֆրանսիական մասնաճյուղի նախագահ, նավթային ոլորտի փորձագետ Պետրոս Թերզյանը:
«Անցյալ տարի Ադրբեջանը սեփական պահանջարկը սպասարկելու համար Թուրքմենստանից է գազ գնել: Եթե կառուցվող գազամուղով 2019 կամ 2020թ.-ին դեպի Եվրոպա գազ մատակարարվի, ապա շատ տարիներ կպահանջվի ներդրումները ետ բերելու համար: Ադրբեջանի գազի պաշարների ծավալը մեծ չէ, 6 մլրդ խորանարդ մետր նախատեսվում է վաճառել Թուրքիային, 10՝ Եվրոպային, ինչը քաղաքական տեսանկյունից Եվրոպայի համար այլընտրանք չի հանդիսանում»,- մասնավորապես նշել է Թերզյանը:
Նրա խոսքերով «ժամանակն անդառնալի խաղ է խաղում Ադրբեջանի հետ, սակայն դա չի նշանակում, որ դա մեր օգտին է»: