Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել: Կառույցի ստեղծումից ի վեր առաջին անգամ ԵԽԽՎ ղեկավարը ստիպված է վաղաժամ վայր դնել իր լիազորությունները: Ստեղծված իրավիճակի թերևս գլխավոր մեղավորը հենց ինքը՝ ԵԽԽՎ նախագահ, իսպանացի սենատոր Պեդրո Ագրամունտն է, ավելի ճիշտ՝ նրա գործելաոճը:
Չնայած ԵԽԽՎ ընթացակարգերով նախատեսված չէ իմփիչմենտի գործընթաց, ԵԽԽՎ գարնանային այս նստաշրջանի ժամանակ տարբեր երկրների պատվիրակություններ ներկայացնող խորհրդարանականներ հանդես եկան Ագրամունտի հրաժարականի պահանջով: Այս նախաձեռնության հեղինակը ուկրաինական պատվիրակությունն է: Հատկանշական է, որ որպես հրաժարականի պահանջի պատճառ ներկայացվում էր այն փաստարկը, որ Սիրիա կատարած այցի վերաբերյալ Ագրամունտը նախապես չի տեղեկացրել ԵԽԽՎ բյուրոյին կամ հանձնաժողովին՝ այդ կերպ խախտելով ԵԽԽՎ էթիկան և ընթացակարգը: Չնայած դրան, ակնհայտ է, որ Ագրամունտի հրաժարականի պահանջի հիմքում Ռուսաստանի հետ նրա ունեցած կապերն են և ռուս խորհրդարանականների հետ համատեղ այցը Սիրիա: Հաշվի առնելով ԵԽԽՎ-ում տիրող հակառուսական տրամադրությունները՝ նման զարգացումը բավականին սպասելի էր:
Սկանդալային Պեդրո Ագրամունտը միայն Ռուսաստանի հետ կապերով չէ, որ աչքի էր ընկնում: Նույն Ագրամունտը հանդիսանում էր ԵԽԽՎ-ում Ադրբեջանի շահերի նվիրյալ պաշտպան: 2016 թվականին ԵԽԽՎ նախագահ ընտրված և 2017թ-ի սկզբին վերընտրված Պեդրո Ագրամունտը ջանք չէր խնայում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին ԵԽԽՎ հնարավոր փաստաթղթերի ընդունումը կանխելու, իսկ ընդունվելու դեպքում Իլհամ Ալիևի վերաբերյալ բացասական ձևակերպումները բացառելու համար: Մյուս կողմից Պեդրո Ագրամունտը հանդիսանում էր նաև Բաքվի թիվ մեկ աջակիցը ԵԽԽՎ-ում ադրբեջանամետ ցանկացած նախաձեռնության հետ կապված, ով երբեմն չէր խորշում անգամ դիմել բավական ծայրահեղ, մեղմ ասած, ոչ ժողովրդավարական միջոցների՝ օրինակ անջատել ԵԽԽՎ-ում հայ պատվիրակների խոսափողները: Հատկանշական է, որ Ագրամունտի հրաժարականի նախաձեռնությանն ակտիվորեն մասնակցել են նաև ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունը, որի անդամները նախկինում ևս պարբերաբար բարձրացրել են նման պահանջ:
Ագրամունտի նման պահվածքի պատճառն ավելի քան ակնհայտ է՝ Ադրբեջանը բավական ուշադիր էր իր հին ընկերոջ նկատմամբ: Այդ մասին են վկայում թերևս European Stability Initiative հայտնի վերլուծական անկախ կենտրոնի՝ «Դիվանագիտության պատմություն կամ ինչպես Ադրբեջանը ստիպեց Եվրոպայի խորհրդին լռել» (2012 թվական) և «Խաբեության դիմանկար. ինչպես են իրականացրել Ադրբեջանի դիտորդությունը կամ ինչու պետք է Ագրամունտը թողնի իր պաշտոնը» (2013 թվական) զեկույցները, որտեղ Ագրամունտը գլխավոր «հերոսներից» է:
Ագրամունտի շուրջ ստեղծված աղմուկը ևս մեկ անգամ հաստատում է պարբերաբար շրջանառվող այն լուրերը, որ ԵԽԽՎ-ն, չնայած իր հռչակած վեհ արժեքներին, դարձել է կոռուպցիոն խոշորագույն կենտրոն, ինչը լուրջ հարված է այդ կառույցի վարկանիշին: Ագրամունտի հրաժարականը թերևս պետք է դառնա առիթ ԵԽԽՎ-ում կառուպցիայի դեմ իրական պայքար սկսելու, և կառույցի հեղինակությունը փրկելու համար: Այս ուղղությամբ, կարծես, նշմարվում են առաջին քայլերը. ապրիլի 25-ին ԵԽԽՎ բյուրոյի որոշմամբ՝ ձևավորվելու է անկախ մարմին, որը հետաքննելու է ԵԽԽՎ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Պեդրո Ագրամունտի հասցեին հնչող կոռուպցիայի մեղադրանքները: Այլ հարց է, թե որքան արդյունավետ կլինի այդ մարմին աշխատանքը…