ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է իր երկու գործադիր հրամաններն արգելափակած դատարանի փակման հնարավորությունը: Այս մասին Թրամփը հայտարարել է Washington Еxaminer պարբերականի հետ զրույցում։
Խոսքը 9-րդ շրջանային դատարանի մասին է, որի դատավորները երկու անգամ արգելափակել էին պետության ղեկավարի միգրացիոն հրամանագրի տարբեր խմբագրումները։ ԱՄՆ նախագահն այդ դատարանի գործողություններն անվանել է վրդովեցնող և ասել է, որ «շատ մարդիկ կցանկանային փակել այն»։ «Բոլորը միանգամից վազում են 9-րդ շրջանային դատարան։ Մեր երկիրը մեծ է։ Մենք շատ ուրիշ դատարաններ ունենք»,-նշել է Թրամփը։
Հիշեցնենք, Սան-Ֆրանցիսկոյի դաշնային դատավորը արգելափակել էր ապաստան-քաղաքների պետական ֆինանսավորումից զրկելու, իսկ փետրվարին արգելափակել էր Թրամփի աղմկահարույց միգրացիոն հրամանագիրը: