Բաքվի դատարանը թմրանյութերի տարածման մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանին 8 տարվա ազատազրկման է դատապարտել, հայտնում է Sputnik Արմենիա-ն` հղում կատարելով ՌԻԱ Նովոստի-ին։
Դատավոր Սամիրա Ալիևայի գլխավորությամբ փակ դատավարության ընթացքում նրա նկատմամբ մեղադրական դատավճիռ է կարդացվել, որի համաձայն Ուելդանովին դատապարտել են 8 տարվա ազատազրկման։ Սակայն Ուելդանովը թմրանյութերի իրացման մեջ իրեն մեղավոր չի ճանաչում։
Նրան ձերբակալել էին 2016 թվականի հուլիսի 28-ին Ադրբեջանում։
Ինչպես փոխանցում է Новости-Армения-ն` ձերբակալվածի քույրը՝ Մարիանա Միրզոյանը, օգնության խնդրանքով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
«Իմ եղբայրը` ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանովը, ազնիվ մարդ է: Այսօր նա առանց հիմնարար ապացույցների դատապարտվել է 8 տարվա ազատազրկման», - գրել է Մարիանա Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում:
«Ես քաջ գիտակցում եմ, որ արդարության պետք չէ սպասել: Ադրբեջանը հենց սկզբից կեղտոտ խաղ է սկսել խաղալ», - նշել է Միրզոյանը: