Բրիտանական ոստիկանությանը հայտնի է մայրաքաղաք Լոնդոնում պատրաստվող երկու ահաբեկչական գործողության մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով Sunday Times պարբերականին:
Ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման բարձրաստիճան պաշտոնյան պարբերականին հայտնել է, որ ահաբեկչություն իրականացնելու երկու ծրագիր կա, որոնց ոստիկանությունն ուշադրությամբ հետևում է: Նա նշել է, որ անվտանգության միջոցառումներն ուժգնացված են, և իրավապահ մարմինները փորձում են հետևել չարագործների քայլերին:
Ծայրահեղականները, ենթադրաբար, «Իսլամական պետություն» և «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումների հետևորդներ են:
Քննիչները կարծում են, որ ահաբեկիչները կապ չունեն հինգշաբթի օրը Վեսթմինսթերում ձերբակալված Հալիդ Մոհամեդ Օմար Ալիի և հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը տեղի ունեցած ստուգայցերի ընթացքում ձերբակալված անձանց հետ: