Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել Իրանի հետ սահմանին` Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) զինյալների ներթափանցումը կանխելու նպատակով: Այս մասին հայտնում է թուրքական «Hürriyet» թերթը:
«Իրանի թուրքական սահմանին են գտնվում PKK-ի Մակու, Դամբաթ, Նավուր, Քոթր, Քեներեշ, Շեհիդեն ճամբարները: Այդ ճամբարներում PKK-ի 800-1000 զինյալ կա: Դրանք ներթափանցում են Թուրքիա, տարբեր գործողություններ իրականացնում և հեռանում», - «Hürriyet» թերթին է հայտնել թուրք բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի նշվում:
«Դա կանխելու նպատակով Աղրը-Իգդիր սահմանի 70 կմ հատվածում պատ ենք կառուցում, մնացած հատվածը կառուցապատում աշտարակներով ու երկաթյա ցանցերով, իսկ ողջ սահմանը ծայրեիծայր լուսավորում ենք»,- ասել է պաշտոնյան:
Ավելի վաղ կրկին PKK-ի և Իսլամական պետության գրոհայինների հոսքը արգելելու համար թուրքական կողմը նախաձեռնել էր պատ կառուցել նաև Սիրիայի հետ սահմանի երկայնքով: