Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանի հարավում տեղակայված ՅՈՒՆԻՖԻԼ (UNIFIL) միջազգային խաղաղապահ ուժերի մաս կազմող հայ զինծառայողներին` զորախմբի հրամանատար Կարեն Աթոյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը:
Ինչպես տեղեկացնում են Անթիլիասի կաթողիկոսարանի հաղորդակցության և տեղեկատվության բաժնից, Վեհափառ Հայրապետը, ողջունելով հայոց բանակի զինվորներին, նշել է, որ բանակը հայրենիքի առանցքն է, հզորության աղբյուրը, անսասանության երաշխիքը:
«Այսօր Հայաստանն ու Արցախը բազմաթիվ մարտահրավերների առջև են, ունեն բազում կարիքներ: Հայոց բանակը կոչված է զորեղ ու կենսունակ պահել հայրենիքը։ Փառք Աստծո, որ հայությունն ունի հզոր բանակ: Հայկական բանակի որակն արդիական սպառազինություն, մասնագիտական զենքեր ունենալով չի բնորոշվում, այլ ծառայության ոգով, նվիրումով, հավատքով, վճռականությամբ և պարտականության գիտակցությամբ»,- ասել է նա։