Չնայած Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջև առկա հակասությունների, երկու երկրները սերտ համագործակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ, «Ամերիկայի Ձայն»-ի հայկական և ադրբեջանական ծառայություններին տված բացառիկ հարցազրույցում պատմել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ժամանակավոր համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը.
«Անշուշտ, մեր ազգային շահերը տարբերվում են Ռուսաստանի ազգային շահերից, որովհետև մենք ունենք հարաբերությունների տարբեր պատմություն, ունենք տարբեր տեսակետներ մեր մոտեցումներում: Սակայն, տարբեր շահեր ունենալը չի նշանակում, որ մենք չենք կարող աշխատել միասին այս խնդրի շուրջ»:
Դեսպանի խոսքով, Մոսկվան ինչպես Վաշինգտոնն ու Փարիզը, նույնպես ցանկանում է խաղաղության հաստատում Հարավային Կովկասում.
«Ինձ համար միանշանակ է, որ Մոսկվան պատերազմ չի ցանկանում Լեռնային Ղարաբաղում, Մոսկվան չի ցանկանում պատերազմ Ադրբեջանի և Հայաստանի միջև: Դա կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը և կվնասի Ռուսաստանի շահերին»:
Ռիչարդ Հոգլանդի խոսքով, նույնիսկ ռուս-ամերիկյան հարաբերությունները սուր վատթարացման պայմաններում, բոլոր երեք համանախագահները սերտ համագործակցել են ղարաբաղյան խաղաղ կարգավորման ուղղությամբ: