Մայիսի 5-ին «Երիտասարդության հարթակ» ծրագրի մասնակիցները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաթեթները՝ առաջարկված միջնորդների կողմից:
Քննարկման ընթացքում մասնակիցները վերլուծել են փաթեթները, բանակցային գործընթացի դինամիկան, հիմնական կերպափոխումները: Հատուկ ուշադրություն է հատկացվել Ղարաբաղի կարգավիճակի և տարածքային հարցերին, դրանց վերաբերյալ միջնորդների առաջարկներին:
Քննարկումը վարել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը:
Նշենք, որ «Երիտասարդության հարթակ» ծրագիրն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ռեսուրսներով:
«Երիտասարդության հարթակ» ծրագիրը թրեյնինգ-քննարկումների շարք է երիտասարդ մասնագետների (քաղաքագետների, միջազգայնագետների, տնտեսագետների, լրագրողների) համար: Սա յուրահատուկ հարթակ է, որտեղ երիտասարդները ոլորտային մասնագետների հետ միասին քննարկում են ՀՀ արտաքին քաղաքականությանն առնչվող արդի և կարևոր խնդիրները, գիտելիքներ ստանում հարևան երկրների, ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություն հանդիսացող հարցերի, միջազգային գործընթացների մասին: Այս ամենը զուգակցվում է անհատական և թիմային աշխատանքով, սեփական կարծիքի արտահայտմամբ ու հին խնդիրներին նոր լուծումներ առաջարկելով: