Գերմանիայի կառավարությունն ու հասարակությունը դեմ են Թուրքիայում գերմանական տանկերի արտադրությանը: Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը` հղում կատարելով թուրքական «Türkiye» թերթի կայքին:
Աղբյուրի փոխանցմամբ` գերմանացիների մի հոծ խումբ ցույցի է դուրս եկել՝ բողոքելով Թուրքիայում գերմանական տանկերի գործարան հիմնելու դեմ: Բեռլինում կազմակերպված ցույցի ժամանակ մարդիկ պատրաստել են տանկի մակետ, ապա ձևացնելով, թե թուրքական տանկը գրոհում է իրենց վրա, ձեռքերը վեր բարձրացնելով ընկել են գետնին:
Ցույցի ժամանակ նաև վանկարկվել է «Ոչ մի տանկ Էրդողանին» կարգախոսը, օգտագործվել են նաև նույն կարգախոսը կրող պաստառներ:
Նշվում է նաև, որ մյուս կողմից էլ գերմանական «Rheinmetall» խոշորագուն ռազմարդյուանբերական ընկերությունը երեք տարվա ընթացքում տանկերի արտադրության շուրջ 20 հանդիպում է անցկացրել Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության հետ: Սակայն ընկերությանն այդպես էլ չի հաջողվել Թուրքիայում տանկերի արտադրության թույլտվություն ստանալ: «Rheinmetall»-ի հայցը պարբերաբար մերժում է նաև Բունդեսթագի համապատասխան հանձնաժողովը:
Գերմանիայի կառավարությունը մտավախություն ունի, թե գերմանական տեխնոլոգիաներով հագեցած ռազմամթերքը կարող է օգտագործվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) դեմ մարտական գործողությունների ժամանակ: Ինչի պատճառով էլ նախագիծը մերժվում է: