Մայիսի 16-17-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումից օրեր առաջ Պենտագոնը հայտարարեց «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարող Սիրիայի քրդական ուժերին զինամթերք մատակարարելու որոշման մասին: Քրդական խնդրի հանդեպ խիստ «զգայուն» Թուրքիայի համար սա հերթական ազդակն էր առ այն, որ Միացյալ Նահանգները շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը Սիրիայում, այդ թվում նաև շարունակելով զինել և աջակցել քրդերին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապեց իր դժգոհությունը հայտնել՝ պնդելով, որ ԻՊ-ի դեմ պայքարը «չպետք է իրականացվի այլ ահաբեկչական խմբավորումների միջոցով»: Միացյալ Նահանգներում գիտակցում են Թուրքիայի «անհանգստությունը», բայց սեփական ռազմավարությունից չեն պատրաստվում հրաժարվել՝ քրդերին համարելով Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարող ամենաարդյունավետ ուժերից մեկը, որը կարող է վճռորոշ դերակատարում ունենալ Ռաքքա քաղաքն ԻՊ-ից ազատագրելու հարցում:
Էրդողանը մտադիր է քրդերին զինելու հարցը քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր առաջին հանդիպման ընթացքում` հույս հայտնելով, որ «Թուրքիայի դաշնակիցները կկանգնեն Թուրքիայի, այլ ոչ թե ահաբեկչական խմբավորումների կողքին»: Բայց վերջին տարիների փորձն ապացուցում է, որ ԱՄՆ-ին ընտրության առջև կանգնեցնելու թուրքական մոտեցումն (ինչպես քրդերի հետ համագործակցության, այնպես էլ, օրինակ, Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման դեպքում) իրեն ամենևին չի արդարացնում. Միացյալ Նահանգներն իր ընտրությունն անում է ոչ Անկարայի օգտին:
Հասկանալի է, որ այս լարվածությունն իր ազդեցությունն է ունենալու Թրամփ-Էրդողան հանդիպման վրա(մայիսի 16-17), որի օրակարգն առանց այն էլ ենթադրվում է, որ հագեցած է լինելու` թուրք-ամերիկյան երկկողմ հարաբերություններ, մերձավորարևելյան զարգացումներ, տարածաշրջանում Թուրքիայի դերակատարություն և այլն: