Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ընդունել է «Երկրապահ կամավորականների միության» (ԵԿՄ) պատվիրակությանը՝ կազմակերպության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:
Քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին, բանակ-հասարակություն կապերին և մատաղ սերնդի դաստիարակությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության համար և Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԵԿՄ մի խումբ անդամների:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: