Թուրքական «Haber-sanliurfa.com» լրատվական կայքն անդրադարձել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականի պաշտոնում թուրք Յակուբ Չելիքի նշանակման փաստին, փոխանցում է Ermenihaber-ը:
Նշվում է, որ այդ երկրում թուրքական համայնքը շատ մեծ չէ, սակայն բավական մեծ ավանդ ունի Ֆրանսիայի հասարակական ու քաղաքական կյանքում:
«Ֆրանսիայի քաղաքացի թուրքերը քաղաքականությամբ են զբաղվում: Նրանցից մեկն էլ Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնի խորհրդական, Թուրքիայի Գյումուշհանե նահանգից 29 տարեկան Յակուբ Չելիքն է: Ֆրանսիական լրատվական դաշտը նախընտրում է նրա անունը գրել հրեական «Jacob» (Yakubo) ձևով, ինչի պատճառով շատերը կարող են կարծել, թե նա հրեա է:
…Հայտնի է, որ Գյումուշհանեում հայեր ու հույներ են ապրել: Նույնիսկ որոշ դավադիրներ պնդում են, որ այդ շրջանում ծպտյալ հայեր ու հույներ են ապրում: Սակայն Գյումուշհանեում հրեական համայնքի առկայության մասին գտածս միակ աղբյուրը 2009-ի փետրվարին Ekonomik Forum հանդեսում Գյումուշհանեի վերաբերյալ հրապարակված հոդվածն է, որտեղ նշվում է, որ քաղաքի Սուլեյմանիյե թաղամասում ապրում են մուսուլմաններ, քրիստոնյաներ ու հրեաներ:
Սակայն Գյումուշհանեի զբոսաշրջային տեղեկագրի մեջ հրեական որևէ հուշարձանի, սինագոգի կամ այլ հետքի մասին տեղեկության բացակայությունը կասկած է առաջացնում այստեղ երբևէ հրեական համայնք լինելու մասին»,- գրում է հեղինակը:
Ըստ այդմ՝ 1970-ականներին Չելիքի ընտանիքը Թուրքիայից տեղափոխվել է Ֆրանսիա:
Նշվում է, որ Չելիքի նշանակումը, ում աջակցում է ոչ միայն թուրքական համայնքը, այլև մուսուլմանները, հույս է ներշնչում մուսուլմանների նկատմամբ Մակրոնի վարելիք քաղաքականության առումով:
Հոդվածի հեղինակը նշում է նաև, որ Մակրոնի ընտրվելուց հետո Ֆրանսիայի իսլամական խորհրդի փոխնախագահ Ահմեթ Օղրաշը հայտարարել է, որ Ֆրանսիայի մահմեդականները շատ ուրախ են Մակրոնի ընտրությունից:
Նշվում է նաև, որ Յակուբ Չելիքը Մակրոնի թիմում Եվրոգոտու պատասխանատուն է, ինչպես նաև՝ պատգամավորի թեկնածու: