Անցյալ ողջ շաբաթվա ընթացքում եվրոպական շուկաները պահել են դրական կայուն դինամիկա: Վերջինս, պայմանավորված մի քանի հանգամանքներով, ցուցադրում է բավական հետաքրքիր արձագանք Եվրոպայում ընթացող տնտեսական և քաղաքական գործընթացների նկատմամբ: Անդադառնանք դրանցից նախորդ շաբաթվա համար թերևս ամենամեծ նշանակություն ունեցողին՝ Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, որի արդյունքում վճռական հաղթանակ տարավ Էմանուել Մակրոնը:
Որպես առաջին արձագանք, Մակրոնի հաղթանակին անմիջապես հաջորդեց եվրոպական ֆինանսական շուկաների կտրուկ աճը, ինչը սպասելի էր: Հայտնի է, որ Մակրոնի և նրա մրցակից թեկնածուի՝ Մարին Լե Պենի տնտեսական քաղաքականության մոտեցումները միմյանցից ռադիկալ տարբերվում են. Մակրոնը եվրոպական միասնական ընտանիքին կողմ թեկնածու էր, Լե Պենը՝ եվրագոտուց դուրս գալու: Հետևաբար, ֆինանսական շուկաների՝ մինչ ընտրությունները դրսևորած անհանգստությունը բնական արձագանք էր՝ հատկապես հաշվի առնելով Brexit-ի փորձը: Այս իմաստով, Մակրոնի հաղթանակով պայմանավորված կտրուկ աճը եվրոպական ներդորղների առաջին զգայուն արձագանքն էր:
Սակայն հետաքրքիրը և գուցեև փոքր–ինչ անսպասելին սկսվեց ընտրություններին հաջորդող երկուշաբթի օրվանից, երբ շուկաներում տիրող իրավիճակը շատ արագ վերափոխվեց կայուն դրականի: Կտրուկ աճին միանգամից փոխարինվող կայունությունը խոսում է մի քանի երևույթների մասին:
Առաջին հերթին, Էմանուել Մակրոնի հաղթանակը որքան էլ դրական ազդակ հանդիսանա՝ որպես Եվրոպայի համար հարված բերող քայլերից խուսափելու հաստատում, միևնույն է դա սպասելի հաղթանակ էր: Մինչ ընտրություններն էլ, բոլոր կանխատեսումներով, հաղթանակը Մակրոնինն էր: Թերևս դրանով էր պայմանավորված շուկաների շատ արագ վերադարձը մեկնարկային վիճակին:
Ինչ վերաբերում է ընտրություններին հաջորդող մեկ շաբաթվան, ապա շուկաներում պահպանվել է կայուն դրական աճ: Դա, ինչ խոսք, այնուամենայնիվ պայմանավորված է Մակրոնի՝ Ֆրանսիայի նախագահ լինելու փաստի հետ, սակայն դրան ոչ պակաս նպաստող հանգամանք են հանդիսացել նաև դրական տնտեսական ցուցանիշները ԵՄ առաջատար Գերմանիայի տնտեսությունից:
Եվրոպական տնտեսության համար Էմանուել Մակրոնի ընտրվելը կարող ենք գնահատել՝ որպես կայունացմանը նպաստող հրում, որը կպահպանվի միառժամանակ՝ պարբերաբար փոքր տատանումներ ապրելով Brexit-ի գործընթացներից ստացվող տեղեկատվությունից: