Թուրքիայում պահանջում են դադարեցնել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունների (ԺԴԿ-HDP) մի շարք պատգամավորների անձեռնամխելիությունը:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքին այսօր Թուրքիայի խորհրդարան են ներկայացվել նշյալ կուսակցություններին անդամակցող 10 պատգամավորի մասին համապատասխան պահանջագիրը: Աղբյուրը չի հստակեցնում, թե որ մարմնի կողմից է ուղարկվել դա խորհրդարան:
Վերոնշյալ պատգամավորների թվում են ԺԴԿ-ից մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ինչպես նաև՝ Մերալ Դանըշ Բեշթաշը, Մահմութ Թողրուլը, Ֆերհաթ Էնջյուն, Այշե Աջար Բաշարանը, ԺՀԿ-ի պատգամավորներ Օզգյուր Օզելը, Էլիֆ Դողան Թյուրքմենը, Բարըշ Յարքադաշը:
Թուրքիայի մեջլիսի պատգամավորների անձեռնամխելիության դադարեցումը նախատեսող օրենսդրական փոփոխությունը թուրքական խորհրդարանի օրակարգ էր բերվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջարկով: Կատարված քվեարկության արդյունքում առաջարկը ընդունվել էր 376 կողմ, 140 դեմ և 5 ձեռնպահ քվեով: Դրանով իսկ հնարավորություն է ստեղծվել դատական գործընթաց հարուցելու մեջլիսի 152 պատգամավորի դեմ: