Բելգիահայ ձեռներեց, Puratos Grand-Place ընկերության տնօրեն Գրիշա Սաֆարյանը ցանկանում է Հայաստանում բելգիական շոկոլադի արտադրություն բացել։ Այս մասին Գրիշա Սաֆարյանը հայտնել է NEWS.am–ին մայիսի 17-ին Երևանում Հայաստանի, Բելգիայի ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ձեռներեցների հանդիպման ժամանակ։
Նա արդեն երրորդ անգամ է Հայաստանում։
«Դրա համար մենք ուսումնասիրում ենք Հայաստանի, նաև ԵՏՄ մյուս երկրների շուկաներ մատակարարելու հնարավորությունները»,- ասել է գործարարը։
Հայաստանի արտաքին լոգիստիկան նա խնդիր չի համարում։ Նրա խոսքով՝ և՛ հումքը, և՛ պատրաստի արտադրանքը կարելի է համեմատաբար ոչ վատ պայմաններով տեղափոխել:
Իսկ իրացման հարցում նա առհասարակ կասկածներ չունի։ «Շատ հասարակ։ Շոկոլադ պետք է միշտ ու ամենուրեք»,- ասել է Սաֆարյանը։
Սաֆարյանն արդեն մոտ 30 տարի է աշխատում շոկոլադի ու հրուշակեղենի բիզնեսում։ Նա աշխատել է Ճապոնիայում ու Հոնկոնգում, իսկ այժմ Puratos Grand-Place-ը աշխատում է Վիետնամում, որտեղ խմորեղեն ու շոկոլադ է արտադրում։
«Գուցե մենք այստեղ ընկերություն կբացենք հաջորդ տարի, երբ կհաշվարկենք գործարան կառուցելու հնարավորությունը»,- ասում է նա։