ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) վերջին օրերին արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ:
«Բազմաթիվ հավաստի աղբյուրներից հավաքված տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ են արձակել՝ հարվածելով ռազմական տեխնիկայի։ Մայիսի 16-ի երեկոյան և հաջորդ օրը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի այս գործողությունները հրադադարի ռեժիմի լուրջ խախտում ու տագնապի պատճառ են։
Հակասական զեկույցներ կան այս վերջին կրակոցների թիրախների, ինչպես նաև զոհերի և պատճառված վնասի մասին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են թարմ տվյալներ և վերլուծություններ հավաքել՝ առկա իրավիճակի վերաբերյալ առավել ավելի ամբողջական և հստակ տեղեկատվություն ստանալու համար։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են վերջին օրերի հրադադարի ռեժիմի խախտումները և կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հակամարտության գոտում ցանկացած հետագա սրացումից խուսափելու համար», - նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ։