Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին կոշտ պատասխանել է տվել պաշտոնական Բաքվին՝ մասնավորապես Ադրբեջանի ԱԳՆ-ին: Զախարովան ոչ տեղին է անվանել Ռուսաստանում գործող «Ադրբեջանցիների համառուսական կոնգրես» հասարակական կազմակերպության արգելման ՌԴ Գերագույն դատարանի որոշման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևի հայտարարությունները:
«Ուշադրություն ենք դարձրել ռուսական ներքին քաղաքականության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությանը, հնչել են արտահայտություններ մեր երկրում «ազգամիջյան հարաբերությունների բալանսի, բարեփոխումների կոնցեպցիայի և միջմշակութային երկխոսության հեռանկարների» վերաբերյալ: Կարծում ենք, որ նման արտահայտությունները տեղին չեն: Ռուսական հասարակական կազմակերպության վերաբերյալ ռուսական դատարանի որոշման գնահատականն որպես Ադրբեջանի հանդեպ «ոչ բարեկամական քայլ» տարօրինակ է թվում», - ընդգծել է Զախարովան նախօրեին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:
Նա ցավալի է համարել, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կրկին հրապարակայնորեն հնչեցրել է մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված «հայկական հետքի» մասին տարբերակը: «Մենք կասկածելի խորհուրդների կարիք չունենք այն հարցերում, թե ինչպես կառուցենք միջէթնիկ հարաբերությունները մեր սեփական երկրում: Ռուսաստանը բազմազգ ժողովրդավարական պետություն է, որտեղ ապահովվում են յուրաքանչյուրի իրավունքները և պաշտպանվում են՝ անկախ նրա ազգային պատկանելիությունից»,- նշել է Զախարովան: