Հաստատվել է ռուս սպայի անձը, որի դագաղը ապրիլի վերջին հայտնաբերվել էր Թուրքիայի Արդահան նահանգում:
Ինչպես փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով Habertürk-ին, մասունքը պատկանում է փոխգնդապետ Կարլ Կարլովիչ Ռժեպեցկուն, ով ենթադրաբար վախճանվել է 1894 թվականին հիվանդությունից հետո:
Փոխգնդապետը ծառայել է Կովկասյան 1-ին կորպուսի 20-րդ հրաձգային դիվիզիայի Նավագինսկու 78-րդ գնդում:
Նշվում է, որ թուրք փորձագետները մասունքի հետազոտման ընթացքում խորհրդակցել են ռուս մասնագետների հետ, որոնք օգնել են նույնականացնել Ռժեպեցկու անձը՝ հիմնվելով նրա լավ պահպանված համազգեստի առանձնահատկությունների վրա:
Արխիվային տեղեկություններից հետևում է, որ փոխգնդապետը հուղարկավորվել է Արդահանի նախկին զինվորական գերեզմանոցում:
Նախապես հաղորդվում էր, որ մասունքը կարող է պատկանել գեներալ Վասիլի Գեյմանին, ով սպանվել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ:
Ռժեպեցկու մասունքը փոխանցվել է Կարսի թանգարանին: