Ախալքալաքում «Հաքիքի Բալ» անունով թուրքական ռեստորան է բացվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է տեղի բնակիչ Հովհաննես Ա.-ն:
«Արդեն երկու ամսից ավելի է, ինչ Ախալքալաքում թուրքական ռեստորան է բացվել: Սակայն ռեստորանից ոչ թե բնակիչներն են օգտվում, այլ Ախալքալաքի տարածաշրջանում շինարարական տարբեր աշխատանքներ իրականացնող թուրքական ընկերությունների աշխատակիցները, որոնք ազգությամբ թուրք են»,-ասաց Հովհաննես Ա.-ն:
Հարցին, թե ռեստորանը միայն նրա՞նց է սպասարկում, եթե ազգությամբ հայ բնակիչներն այցելեն, չե՞ն սպասարկի, Հովհաննես Ա.-ն ասաց. «Նախ պիտի այցելեն, որ իմանանք` կսպասարկե՞ն, թե ոչ»։
Ռեստորանի հարակից տարածքում ապրող բնակիչները Tert.am-ի հետ զրույցում ասացին, որ սա առաջին վայրն է, որը ազգությամբ թուրքերը բացել են Ախալքալաքում:
Բնակիչները հայտնել են նաև, որ շինարարական աշխատանքներում ներգրավված թուրքերը հայերին պատկանող սննդի կետերից չեն օգտվում, հետևաբար պետք է ունենան սեփական սննդի կետը, որտեղ աշխատում են ազգությամբ վրացիներ ու թուրքեր. «Հայերը չեն մտնում, սակայն կարծես թե մուտքն արգելված չէ»: