Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ձեռք է բերել Տավուշի մարզի Ենոքավան գյուղում գտնվող աշխարհում ամենաերկար զիփ-լայնի տոմսեր: Այս մասին վարչապետը տեղեկացրել է Facebook-ի իր էջում:
«Համոզված եմ, որ շուտով այս կարևոր նախաձեռնությունը իրականություն է դառնալու: Այսօր իմ ընտանիքի անունից ես ձեռք բերեցի աշխարհի ամենաերկար Զիփլայնի տոմսեր` այդպիսով ունենալով ներդրում ծրագրի իրականացման գործում:
Կարծում եմ, որ աշխարհի մասշտաբով ռեկորդակիր այս նախագիծը էական հիմք կհանդիսանա սահմանամերձ Տավուշի մարզում տուրիզմի զարգացման, Ենոքավան համայնքում երիտասարդների համար նոր աշխատատեղերի ստեղծման և համայնքային կյանքի աշխուժացման համար:
Կոչ եմ անում միանալ նախաձեռնությանը, որի իրականացումը հնարավորություն կտա Հայաստանը դիրքավորել որպես տարածաշրջանի էքսթրեմալ տուրիզմի կենտրոն և մեր երկիրը առավել ճանաչելի դարձնել արտասահմանցի զբոսաշրջիկների շրջանում», - նշել է Կարապետյանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանում մտադիր են կառուցել աշխարհի ամենաերկար զիփլայնը, որ երկարությունը կկազմի 2680 մետր, բարձրությունը՝ 200-300 մետր: Թռիչքի տևողությունը կլինի 3 րոպե, իսկ առավելագույն արագությունը՝ 120 կմ/ժ: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 200 հազար դոլար: Գումարի հիմնական մասն արդեն առկա է: