Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու համար Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջային թռիչքների իրականացումը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը:
Պաշտոնական Բաքուն Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջային թռիչքներ իրականացնելու մտադրությունը դիտարկում է որպես հերթական «սադրանք» Երևանի կողմից: Գաջիևի խոսքով՝ Հայաստանի նման քայլերը վնասում են ղարաբաղյան կարգավորման հարցով բանակցային գործընթացին և էսկալացիա են առաջացնում:
Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ Բաքուն կդիմի միջազգային կառույցներին Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքներն արգելելու պահանջով:
Հիշեցնենք, Ղարաբաղում զբոսաշրջության զարգացման նպատակով սկսել են իրականացնել զբոսաշրջային օդային զբոսանքներ երկտեղանի ինքնաթիռներով: Թռիչքի տևողությունը կազմում է 20-25 րոպե, գինը՝ 35 հազար դրամ: