Ավակով. Լվովի Սբ Կազիմիրի տաճարը կվերադարձվի Հայ կաթողիկե եկեղեցուն

12:01     25 մայիսի, 2017

Լվովի Սբ Կազիմիրի եկեղեցին, որն Ուկրաինայի ՆԳՆ բալանսին է գտնվում, կփոխանցվի Հայ կաթողիկե եկեղեցուն: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը եկեղեցու ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հայտնում է PanArmenian-ը՝ Rusarminfo-ին հղումով:

«Մենք կարևորում ենք պատմական արդարության վերականգնումը եկեղեցու հանդեպ: Այնպես է ստացվել, որ ՆԳՆ սեփականություն է համարվում Հայ կաթողիկե եկեղեցուն պատկանող հուշարձանը: Մենք ուսումնասիրել ենք բոլոր հնարավորությունները և որոշել ենք վերադարձնել այն եկեղեցու տնօրինությանը», - ասել է նախարարը:

Ըստ Ավակովի, Ուկրաինայում ավելի քան 80 եկեղեցի և կրոնական նշանակության տարբեր շինություններ կան, որոնք պատմականորեն պատկանել են Ուկրաինայի հայկական ազգային և կրոնական կազմակերպություններին, որոնցից միայն 5-ն է վերադարձվել հայ համայնքին:

Լվովի Սբ Կազիմիր եկեղեցին կառուցվել է 1630-ին: Խորհրդային տարիներին այնտեղ գործել է անչափահաս աղջիկների գաղութը: 1980-ականներից համալիրն օգտագործվել է ԽՍՀՄ ՆԳՆ կողմից, իսկ 1991-ին փոխանցվել է Ուկրաինայի ՆԳՆ բալանսին:


© armedia.am