Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Բիթլիսում ծնված ազգությամբ հայ Կարպիս Զաքարյանի մասին պատմող «Որտե՞ղ ես, Կարո» գրքի շնորհանդեսը:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «NTV» հեռուստալիքին գրքում մասնավորապես ներկայացված է, թե ինչպես է Զաքարյանը իր մարզական կարիերայի ընթացքում հասել մեծ հաջողությունների:
Բացի այդ անդրադարձ է կատարվում նրա անձնական կյանքին: Մասնավորապես հեղինակը ընթերցողին է ներկայացնում Զաքարյանի և Էրսիլյա անունով իտալացի մի աղջկա սիրո պատմությունը, որը, սակայն, երջանիկ ավարտ չի ունեցել:
Գրքում նաև անդրադարձ է կատարվում Թուրքիայի պատմության սև էջերից մեկին՝ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում և Իզմիրում հունական ու հայկական համայնքների վրա թուրքական իշխանությունների թողտվությամբ կազմակերպված վայրենաբարո հարձակումներին: