Ուկրաինայի Խարկովի մարզի իրավապահ մարմինները բացահայտել են խմբավորում, որն օգնել է պետական սահմանով մարդկանց անօրինական տեղափոխմանը, գրում է sq.com.ua կայքը:
Ձերբակալությունն իրականացրել է միջգերատեսչական խումբը, որի կազմում եղել են քննչական վարչության, ոստիկանության՝ մարդկանց առևտրի հետ կապված հանցագործությունների դեմ պայքարի վարչության, ինչպես նաև Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներ: Հանցախմբի անդամները ձերբակալվել են գիշերը՝ սահմանով երեք մարդու անօրինական ձևով անցկացնելու փորձ կատարելու ժամանակ:
Հաստատվել է, որ մարդկանց տեղափոխման գործընթացը կազմակերպել է 26-57 տարեկան չորս քաղաքացի: Հիմնականում նրանց «հաճախորդները» եղել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ:
Հանցախմբի անդամները ծրագիրը մշակել են 2016 թվականի փետրվարին: Տղամարդիկ լավ ծանոթ են եղել պետական սահմանը հատելու կարգին, ինչպես նաև Ուկրաինայի տարածքում արտասահմանցիների գտնվելու կարգին և կանոններին:
Նախաքննությունը շարունակվում է: