Ահաբեկչությունը հովանավորելու վերաբերյալ Իրանին ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքներն ուղղակի անընդունելի են: Այս մասին երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին՝ մեկնաբանելով Սաուդյան Արաբիայում և Իսրայելում Իրանի հասցեին Թրամփի հնչեցրած հայտարարությունները՝ մասնավորապես ահաբեկչությունը հովանավորելու համար Իսլամական Հանրապետությանը մեկուսացնելու կոչը:
Պետք է նշել, որ Իրանի հետ համագործակցությունից հրաժարվելը, որը Օբամայի վարչակազմին տրվեց բավականին մեծ դժվարությամբ, Թրամփի որդեգրած մերձավորարևելյան քաղաքականության միակ տարբերությունը չէ նախորդ վարչակազմից: Այսպես, Օբամայի վարչակազմը, համենայն դեպս վերջին տարիներին, այլևս հակված չէ Պարսից ծոցի արաբական միապետությունների և մասնավորապես Սաուդյան Արաբիայի նկատմամբ տասնամյակներ շարունակ իրականացվող հովանավորչական քաղաքականությանը: Այժմ Թրամփը փորձում է վերականգնել այս տարածաշրջանում ամերիկյան դիրքերը՝ խրախուսելով Ծոցի միապետությունների հակաիրանական տրամադրությունները:
Ընդ որում, Թրամփի միջնորդությամբ Ծոցի արաբական պետությունների հակաիրանական նախաձեռնություններում ակտիվորեն ներգրավվում է նաև Իսրայելը: Հատկանշական է, որ իր առաջին արտերկրյա շրջագայության ընթացքում Թրամփը Սաուդյան Արաբիայից մեկնեց Իսրայել՝ երկիր, որի հետ Էր-Ռիադը չունի դիվանագիտական հարաբերություններ: Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ Թրամփի ինքնաթիռն առաջինն էր, որը Սաուդյան Արաբիայից ուղևորվել է Իսրայել. երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը բացակայում է:
Ընդհանրապես, Թրամփի առաջին արտերկրյա շրջագայության մեկնարկային երկրներից՝ Սուդյան Արաբիա, Իսրայել, Պաղեստին, և արված հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան Վաշինգտոնից որոշակի երաշխիքներ են ստացել իրենց ոխերիմ թշնամի Իրանի հարցում: Սա իր հերթին որոշակի դրական ֆոն է ստեղծել պաղեստինա-իսրայելական կարգավորման գործընթացի վերսկսման համար: Օբամայի վարչակազմի օրոք Իսրայելի հետ Վաշինգտոնի հարաբերությունները բավականին լարված բնույթ էին ստացել Իրանի հետ միջուկային գործարքի պատճառով: Արդյունքում, պաղեստինա-իսրայելական բանակցություններում ամերիկյան միջնորդության հնարավորությունը գրեթե զրոյացել էր: Այժմ, ամենայն հավանականությամբ, Իրանի հարցում որոշակի երաշխիքներ ստանալուց հետո Իսրայելը հայտարարում է բանակցելու պատրաստակամության մասին, և նույնիսկ Թրամփի այցի նախաշեմին որոշ տնտեսական զիջումներ է անում Պաղեստինին: Թրամփի հետ հանդիպման ժամանակ Իսրայելի հետ անմիջապես բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին հայտարարում է նաև Պաղեստինի առաջնորդ Մահմմուդ Աբբասը: Չի բացառվում, որ Պաղեստինի ղեկավարության դիրքորոշման փոփոխության վրա ազդեցություն էր ունեցել Էր-Ռիադը և ոչ միայն. Թրամփը Սաուդյան Արաբիա այցի ընթացքում հանդիպում էր ունեցել նաև մի շարք իսլամական երկրների առաջնորդների՝ այդ թվում Եգիպտոսի նախագահի հետ:
Այսպիսով, Թրամփն իր մերձվորարևելյան քաղաքականությունում ևս մեկ շրջադարձ է կատարում իր նախորդի վարած քաղաքականությունից: Ամերիկյան ներկայիս վարչակազմը չի ցանկանում ուղղակի վերականգնել պաղեստինա-իսրայելական բանակցային գործընթացը, այլ մտադիր է դրանում համակարգող դեր ստանձնել:
Սակայն հարկ է նշել, որ դեռևս հստակ տեսլական մերձավորարևելյան քաղաքականության հարցում Թրամփը չի հրապարակում. դեռևս հայտնի են միայն կողմերը, որոնց հետ և որոնց դեմ Վաշինգտոնն առաջիկայում պատրաստվում է համագործակցել: