Միջազգային ճգնաժամային խումբ (International Crisis Group) անկախ կազմակերպությունը, որը զբաղվում է տարբեր երկրներում հակամարտությունների ուսումնասիրությամբ և պատերազմական իրավիճակների կանխմամբ, զեկույց է հրապարակել` անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին և հայսատանա-ադրբեջանական հարաբերությունների ներկա փուլին:
Կազմակերպության փորձագետների կարծիքով` Լեռնային Ղարաբաղում 2016-ի ապրիլյան բռնություններից մեկ տարի անց Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երբևէ մոտ են պատերազմական իրավիճակին 1994-ի հրադադարի կնքումից ի վեր, գրում է tert.am-ը:
«Քաղաքական և անվտանգության պայմանները, որոնք հակամարտության սրման հանգեցրին 2016-ի ապրիլին, ավելի սուր են դարձել, և երկու կողմն էլ արդեն իսկ սկսված էսկալացիայի նոր ալիք է ստեղծում: 2017-ի հունվարի կեսերից ի վեր ծանր հրետանու և հակատանկային զենքերի կիրառմամբ ողբերգական միջադեպեր են տեղի ունենում: Մայիսին լարվածության զգալի սրում է նկատվել` հաշվի առնելով շփման գծի երկայնքով գտնվող բնակելի շրջաններում ինքնակառավարվող հրթիռների կիրառման մասին զեկույցները: Այս լարվածությունը կարող է վերածվել լայնածավալ հակամարտության, որն էլ կհանգեցնի նշանակալից կորուստների քաղաքացիների շրջանում և հավանաբար կբերի տարածաշրջանում հզոր ուժերի` Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջամտությանը»,- ասվում է ճգնաժամային խմբի կայքում:
«Անցյալ տարին ցույց տվեց հակամարտության կարգավորման ջանքերի փխրունությունը: Հայաստանը, մտահոգվելով Լեռնային Ղարաբաղի անվտանգությամբ և վրդովված Բաքվի աճող ինքնավստահությամբ, պնդում է նվազեցնել անվտանգության սպառնալիքների մակարդակը նախքան բովանդակային երկխոսություն սկսելը: Ադրբեջանը, վրդովված լինելով ստատուս քվոյի երկարաձգմամբ և մտավախություն ունենալով, որ լրացուցիչ անվտանգության միջոցառումները կարող են ամրապնդել այն, պնդում է, որ բովանդակային երկխոսությունները չեն կարող հետաձգվել», - նշվում է զեկույցում:
Ինչպես ընդգծում են խմբի փորձագետները, ցանացած կենսունակ կարգավորման հիմնական սկզբունքները պարզորոշ են. «կարգավիճակ հողի դիմաց» բանաձևի տարբերակները` զուգորդված ուժեղ անվտանգության միջազգային երաշխիքներով, սակայն դրանք հիմնված են փոխադարձ զիջումների վրա, որը կողմերից ոչ մեկին էլ ձեռք չի տալիս:
«Որքան լարվածությունը սրվում է, այնքան միջազգային միջնորդությունը լճանում է: Ամենահզոր օտարերկրյա ազդեցիկ ուժը Ռուսաստանն է, թեև նրա դերակատարումը բարդ է: Այն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է, սակայն մյուս կողմից` Ադրբեջանին և Հայաստանի զենքի հիմնական մատակարարն է` կասկած առաջացնելով, որ ավելի շատ հետաքրքրված է տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու, քան հակամարտությունը կարավորելու հարցում»- ասվում է զեկույցում: