ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ կազմակերպությունում հիասթափված են կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից, հայտնում է Корреспондент-ը:
«Կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը հանդիսանում է մեծ հիասթափություն ջերմոցային գազերի արտանետումների կրճատման և գլոբալ անվտանգության ապահովման համաշխարհային ջանքերի համար», - ասվում է Դյուժարիկի հայտարարությունում։
Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին նշել է, որ Փարիզյան համաձայնագիրը պետք է հարգվի և այն կգործի Թրամփի վարչակազմի մասնակցությամբ կամ առանց դրա։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թրամփի ելույթից անմիջապես հետո զանգահարել է նրան և ափսոսանք հայտնել՝ կապված համաձայնագրից դուրս գալու Վաշինգտոնի որոշման հետ։ Իրենց հիասթափությունն են արտահայտել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
Հիշեցնենք, ավելի վաղ Թրամփը հայտարարել է համաձայնագրից դուրս գալու մասին, քանի որ այն տնտեսապես անշահավետ է երկրի համար։