Մալդիվյան կղզիները միացել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին, հայտնում է Al-Arabia հեռուստաընկերությունը:
Ավելի վաղ Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարել էին Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն, Եմենը, Եգիպտոսը և Լիբիան: Կատարցիներին տրվել է երկու շաբաթ լքելու այս երկրները:
Վերոնշյալ երկրները Դոհային մեղադրում են ահաբեկչական գործունեություն հովանավորելու և մասնավորապես «Ալ-Քաիդայի», ԻՊ-ի հետ համագործակցության մեջ: Սակայն դիտորդները կարծում են, որ իրական պատճառը նախորդ շաբաթ էր-Ռիադում կայացած Պարսից ծոցի երկրների գագաթաժողովի ժամանակ Կատարի լրատվական գործակալության կողմից այդ երկրի Էմիրի ելույթի տարածումն էր, որում վերջինս աջակցություն էր հայտնում Իրանի հետ նորմալ հարաբերություններին: