Հունիսի 2-ին տեղի ունեցավ «Երիտասարդության հարթակ» նախագծի մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը:
2016թ. նոյեմբերի 18-ից մինչև 2017թ. հունիսի 2-ը տեղի ունեցած ծրագրի ընթացքում քննարկվեցին ՀՀ արտաքին քաղաքականությանը, Ղարաբաղյան հիմնախնդրին, հայ-թուրքական հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային քաղաքական գործընթացներին, բանակին առնչվող մի շարք հարցեր:
Դասախոսություններով հանդես եկան ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի և այլ հրավիրված փորձագետներ:
«Երիտասարդության հարթակ» ծրագիրն իրականացվել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ռեսուրսներով:
«Երիտասարդության հարթակ» ծրագիրը թրեյնինգ-քննարկումների շարք է երիտասարդ մասնագետների (քաղաքագետների, միջազգայնագետների, տնտեսագետների, լրագրողների) համար: Սա յուրահատուկ հարթակ է, որտեղ երիտասարդները ոլորտային մասնագետների հետ միասին քննարկում են ՀՀ արտաքին քաղաքականությանն առնչվող արդի և կարևոր խնդիրները, գիտելիքներ ստանում հարևան երկրների, ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություն հանդիսացող հարցերի, միջազգային գործընթացների մասին: Այս ամենը զուգակցվում է անհատական և թիմային աշխատանքով, սեփական կարծիքի արտահայտմամբ ու հին խնդիրներին նոր լուծումներ առաջարկելով: