Հայաստանը բարեկամ երկիր է համարում ռուսաստանցիների 12%-ը: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն՝ վկայակոչելով «Լևադա կենտրոնի» նոր հարցման արդյունքները:
2016 թվականին Հայաստանը բարեկամ էր համարում հարցվածների 13%-ը:
Հարցման արդյունքներով՝ Ռուսաստանին առավել մոտ երկրների ցանկը գլխավորել են Բելառուսը (46%), Չինաստանը (39%) և Ղազախստանը (34%): Հարցվածները որպես բարեկամ երկիր նշել են նաև Սիրիան (15%), Հնդկաստանը (14%), Կուբան (11%), Ուզբեկստանը, Տաջիկստանը և Ադրբեջանը (9-ական %):
Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրների ցանկը գլխավորել են ԱՄՆ-ը (69%) և Ուկրաինան (50%): Գերմանիային, Լատվիային և Լիտվային թշնամաբար վերաբերվող հարցվածների թիվը հավասար է՝ 24%: Հարցվածները բացասաբար են տրամադրված նաև Լեհաստանի (21%), Էստոնիայի (16%), Մեծ Բրիտանիայի (15%), Վրաստանի (9%), Ֆրանսիայի և Թուրքիայի (8-ական %) հանդեպ: