Արծրուն Հովհաննիսյանն Արցախի պետական համալսարանում դասախոսությամբ է հանդես եկել

17:32     5 հունիսի, 2017

Արցախի պետական համալսարանում այսօր հյուրընկալվել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, ռազմական վերլուծաբան-փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնում է Artsakh  Press-ը:

Ա. Հովհաննիսյանը ուսանողների հետ կիսվել է ռազմական լրագրության  ոլորտում  ունեցած իր փորձառության  մասին:

Դասախոսության ժամանակ նա մասնավորապես նկատել է.

«Տեղեկատվությունը պետք  է   դիտարկել, որպես   ռազմավարություն: Եթե ադրբեջանական կողմն այն ծառայեցնում է բացառապես սեփական կորուստների ու ճգնաժամային  իրավիճակների կեղծման համար, ապա հայկական կողմի համար այն առավելապես հանրությանը տեղեկացված պահելու գործառույթ է իրականացնում»,-ասել  է  Ա.  Հովհաննիսյանը  և  ավելացրել,-

«Տևական ժամանակ է, ինչ ՊՆ-ն ռազմական լրագրողների վերապատրաստման դասընթացներ և  հավաքներ է կազմակերպում. միայն այսպիսի միջոցառումներով կարող ենք ռազմական ոլորտի լրագրողներ պատրաստել՝ այդպիսով ուղղորդելով նաև նրանց գործունեությունը ոչ միայն արտակարգ  իրավիճակներում, այլև խաղաղ պայմաններում: Կիրթ ռազմական լրագրողն  առաջնագծից կարող է վերադառնալ հարուստ և ազգային անվտանգության հայեցակարգին չհակասող ինֆորմացիայով, բայց և արձանագրելով թերություններ, որոնք երբեք չենք  հրապարակի: Մենք  պետք  է միշտ   գիտակցենք, որ  մեր  ունեցած   գիտելիքը   մեր ամենաուժեղ զենքն է»:


© armedia.am