Ստամբուլում տեղի է ունեցել ստամբուլահայ արվեստագետ և ազգագրագետ Ժուլիա Մութլուի՝ հայկական տարազներին նվիրված ծրագրի ցուցադրությունը:
Ինչպես փոխանցում է Թերթ.ամ-ը՝ հղում կատարելով թուրքական habersitesi.com-ին, ծրագրի ընթացքում ներկայացվել են Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարբեր շրջաններից հավաքված 100-ից ավելի տարազային նմուշների օրինակով կարված զգեստներ, ինչպես նաև արխիվային ուսումնասիրությունների հիման վրա հայերենով և թուրքերենով ներկայացվել է տվյալ շրջանների հայ բնակչության, եկեղեցիների ու դպրոցների քանակը մինչ Ցեղասպանությունը:
Ծրագրի ընթացքում ցուցադրվել ու հայերենով և թուրքերենով մեկնաբանվել են Վանի, Սասունի, Զեյթունի, Էրզրումի, Մուշի, Համշենի, Արցախի, Զանգեզուրի, Երևանի, Ապարանի և մի շարք այլ բնակավայրերի տարազներն ու դրանց պատմությունը:
Հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաև Պոլսո Հայոց պատրիարքի նորընտիր տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, ում հայ համայնքը դահլիճում դիմավորել է հոտնկայս ծափահարություններով:
Նշվում է, որ ծրագրի ներկայացումը տեղի է ունեցել Բաքըրքյոյի արվեստի և օպերայի կենտրոնում: