Այսօր՝ հունիսի 7-ին, Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի կունենա Չեռնոգորիայի դրոշի բարձրացման արարողությունը՝ որպես դաշինքի 29-րդ անդամ: Չեռնոգորիայի անդամակցության պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել հունիսի 5-ին Վաշինգտոնում:
Այս իրադարձությունը միանշանակ չընդունվեց ո՛չ Չեռնոգորիայում, ո՛չ նրա սահմաններից դուրս: Ընթացիկ տարվա ապրիլին՝ անդամակցության փաստաթղթի վավերացման ժամանակ, կողմ քվեարկել է 46 պատգամավոր՝ չնայած ընդդիմության բոյկոտին (երկրի խորհրդարանում կա 81 պատգամավոր): Ինչևէ, երկրի վարչապետ Դուշկո Մարկովիչը դաշինքին անդամակցությունն անվանել է «պատմական իրադարձություն երկրի և ազգի» համար: Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունն իրենց մշտական կայունություն է երաշխավորում, հայտնում է РИА Новости-ն: Անվտանգության ամրապնդման տեսանկյունից երկրի անդամակցության մասին իր կարծիքն է հայտնել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, սակայն, ըստ նրա, Չեռնոգորիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սոսկ աշխարհաքաղաքական բնույթ է կրում, և այն չի ամրապնդի ո՛չ ՆԱՏՕ-ի, ո՛չ այդ երկրի անվտանգությունը, քանի որ Չեռնոգորիային ոչ ոք չէր սպառնում և չի սպառնա: Ըստ Լավրովի՝ դա միայն կհանգեցնի նոր ծախսերի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամների համար, հայտնում է RT-ն:
Այս իրադարձությունների ֆոնի վրա ՌԴ-Չեռնոգորիա արդեն իսկ լարված հարաբերություններն էլ ավելի են սրվել: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Չեռնոգորիայի նախագահ Ֆիլիպ Վույանովիչը որոշում էր ընդունել միանալ հակառուսական պատժամիջոցներին: Նրա խոսքերով, երկիրը միացել էր հակառուսական պատժամիջոցներին արագացնելու համար ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության գործընթացը, հիշեցնում է Rambler.ru-ն: Բացի այդ, ավելի վաղ Չեռնոգորիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Ռուսաստանն «ակտիվ միջամտել է երկրի ներքին գործերին»: Պաշտոնական Մոսկվան հերքեց մեղադրանքները՝ անվանելով դա ՆԱՏՕ-ին անդամակցությունն արդարացնելու փորձ: Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ պատասխան քայլեր է ձեռնարկելու: ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արդեն զգուշացրել է ռուս զբոսաշրջիկներին, որ Չեռնոգորիայում նկատվում է հակառուսական տրամադրությունների բռնկում՝ խորհուրդ տալով զերծ մնալ ուղևորություններից դեպի այդ երկիր:
Չեռնոգորիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հանգեցրեց Ռուսաստանի հարաբերութությունների սրման ոչ միայն այդ երկրի, այլև առավել լարեց հարաբերությունները դաշինքի հետ: ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել են դեռևս 2014 թվականի մարտին՝ Ռուսաստանին Ղրիմի միանալու գործընթացի ֆոնին: 2014 թվականի մարտի 5-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն որոշել է վերանայել ՌԴ հետ հարաբերությունները: 2014 թվականի ապրիլի 1-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարները հաստատեցին ՌԴ-ի հետ ցանկացած գործնական և ռազմական համագործակցությունը դադարեցնելու մասին որոշումը, սակայն պայմանավորվեցին պահպանել ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի կապերը դեսպանների և ավելի բարձր մակարդակով: 2016 թվականի հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները հաստատեցին ռոտացիայի սկզբունքով դաշինքի մեկական գումարտակի տեղակայումը Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում և Լեհաստանում: Ռուսաստանն այս ամենը դիտարկում է որպես 1990 թվականի փետրվարին Գերմանիայի վերամիավորման մասին բանակցությունների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության խախտում, համաձայն որի ՆԱՏՕ-ն չի ընդլայնվելու դեպի արևելք: Բացի այդ, 1997 թվականին կնքված ՌԴ-ՆԱՏՕ հիմնադիր ակտի համաձայն՝ դաշինքը պարտավորվում է մշտական ռազմական ուժեր չտեղակայել իր նոր անդամների տարածքում: Ակտում նաև նշվում էր, որ Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն չեն դիտարկում միմյանց որպես հակառակորդներ: Սակայն դաշինքի ընդարձակումը դեպի արևելք դարձել է ՌԴ-ՆԱՏՕ հարաբերություններում հիմնական խնդիրներից մեկը:
Ինչևէ, Չեռնոգորիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին դաշինքի համար կարևոր է Ռուսաստանի սահմանների մոտ ինչպես իր, այնպես էլ ԱՄՆ-ի ռազմական ներկայության ամրապնդման տեսանկյունից: Չեռնոգորիայի անդամակցությամբ ավարտվում է դաշինքի վերահսկողության հաստատումն Ադրիատիկ ծովի շրջանում, քանի որ մյուս առափնյա երկրները (Իտալիա, Սլովենիա, Խորվաթիա և Ալբանիա) արդեն իսկ ՆԱՏՕ-ի կազմում են:
Տեղեկանք
Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպություն, Հյուսիսատլանտյան դաշինք (North Atlantic Treaty Organisation, NATO) – եվրոպական երկրների, ԱՄՆ-ի և Կանադայի ռազմաքաղաքական դաշինք, որն ստեղծվել է 1949 թվականի ապրիլի 4-ին Վաշինգտոնում Հյուսիսատլանտյան պայմանագրի ստորագրմամբ (ԱՄՆ, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Դանիա, Իսլանդիա, Իտալիա, Կանադա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Նորվեգիա, Պորտուգալիա և Ֆրանսիա): Այժմ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնում է 29 երկրի:
Համաձայն 1949 թվականի պայմանագրի, ՆԱՏՕ-ի հիմնական նպատակ հանդիսանում է իր անդամ-պետությունների ազատության և անվտանգության ապահովումը քաղաքական և ռազմական միջոցներով:
ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, համաձայն Հյուսիսատլանտյան պայմանագրի 10-րդ հոդվածի, անհրաժեշտ է բավարարել ներքոնշյալ կետերին.
Ընդ որում, ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ կարող է հավելյալ պահանջներ ներկայացնել անդամակցության թեկնածու երկրին:
1999 թվականին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթաժողովի ընթացքում ընդունվել է պարտավորությունների ցանկ, որոնք պետք է կատարի ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող երկիրը: Փաստաթղթում հստակեցվում է, որ թեև դրանց կատարումն ազդում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու որոշման վրա, սակայն վճռորոշ չէ: Մասնավորապես, անդամակցության թեկնածու երկրները պետք է.