Երեկ երկու ժամ շարունակ՝ սկսած ժամը 22:30-ից, գնդակոծվել են Տավուշի մարզի Բաղանիս և Կոթի գյուղերը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը: Նրա խոսքերով գիշերը մեքենաները միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը անցել են սահմանագոտին շրջանցող ճանապարհով, հիմա, սակայն, միջպետական ճանապարհը բաց է:
«Գնդակոծությունը սովորական է մեզ համար, բայց երկրաշարժն անսովոր էր: Երկրաշարժը գյուղում զգացել են բոլորը և տներից դուրս եկել: Այսքան ուժեղ երկրաշարժ չեմ հիշում 88-ից այս կողմ»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն էլ «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ ժամը 21:00-ից սկսած մինչև մոտ 24:00-ը անընդհատ գնդակոծվել է Կոթին: Հակառակորդը կրակահերթ է բացել թե՛ դիրքերի, թե՛ գյուղի ուղղությամբ:
«Վնասների մասին այս պահի դրությամբ չունենք տեղեկատվություն, որևէ մեկը չի հաղորդել»,- ասաց Ֆելիքս Մելիքյանը՝ հավելելով, որ կրակահերթը և երկրաշարժը միաժամանակ են եղել: