Առնվազն 25 մարդ զոհվել, ևս 8-ը վիրավորվել են հնդկական Մադհյա-Պրադեշ նահանգի հրավառելիքի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի ու հրդեհի հետևանքով: Ինչպես փոխանցում է Times of India-ն, տուժածները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Դեպքի պահին գործարանում մոտ 40 աշխատող է գտնվել, հիմնականում՝ կանայք։ Ոստիկանության հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով շենքի մի մասը փլուզվել է՝ արգելափակելով մարդկանց։ Պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն, անցկացվում է հետաքննություն։