Կատարական Gulf Times-ը Հայաստանի մասին հոդված է հրապարակել՝ մեր երկիրն անվանելով «կատարյալ զբոսաշրջային ուղղություն»:
Հոդվածում նշվում է հայկական խոհանոցի, բնության, հյուրընկալ բնակչության, կայուն եղանակի ու հանցավորության ցածր մակարդակի մասին:
Հիմնական պատճառներից մեկը, թե ինչու են զբոսաշրջիկները նախընտրում անցկացնել իրենց հանգիստը Հայաստանում, ըստ աղբյուրի, շատ մատչելի գներն են: Աղբյուրի փոխանցմամբ՝ արագ սննդի ցանցերում ու ռեստորաններում հնարավոր է սնվել 3 ԱՄՆ դոլարից սկսած:
Gulf Times-ը նշում է, որ տարբեր առաջատար ավիաընկերություններ ցածր գներով ավիափոխադրումներ են իրականացնում դեպի Հայաստան:
Անդրադառնալով հայաստանյան ռեստորաններում տարբեր երկրների խոհանոցների ճաշատեսակների առկայությանը՝ պարբերականը նշում է, որ այստեղ կարելի է հանդիպել «հալալ» կերակրատեսակների կերակրացանկի:
Որպես կարևոր առավելություն է նշվում այն, որ զբոսաշրջության խթանման նպատակով Հայաստանում դյուրացվել են վիզայի հետ կապված գործընթացները:
Հոդվածում առանձին-առանձին խոսվում է Երևանի, «Շիկահողի պետական արգելոցի», Սևանա լճի, «Դիլիջան ազգային պարկի», Նորավանքի, Ծաղկաձորի, Վերին Ազատ հովիտի, Գեղարդի վանական համալիրի ու Գառնու հեթանոսական տաճարի մասին: