Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին այցելել է Քաշաթաղի շրջան և Հոչանց գյուղում հանդիպել շրջանի հյուսիսային թևի համայնքների ղեկավարների հետ:
Հանդիպման սկզբում Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգևներ է հանձնել շրջանի մի խումբ ներկայացուցիչների՝ երկրին մատուցած ծառայությունների համար, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:
Այնուհետև քննարկվել են 2016 թվականին կատարված աշխատանքներին և արձանագրված արդյունքներին, ինչպես նաև ընթացիկ մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Համապատասխան զեկույցներով և ելույթներով հանդես են եկել Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, շրջվարչակազմի պատասխանատուներ, համայնքի ղեկավարներ:
Նախագահ Սահակյանն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել 2016 թվականին Քաշաթաղի շրջանում արձանագրված սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Բակո Սահակյանը նշել է, որ շրջանն արդեն մի քանի տարի է, ինչ առաջատար դիրք է զբաղեցնում մեր գյուղատնտեսության համակարգում՝ հավելելով, որ այստեղ նախատեսված է իրականացնել մի շարք նոր ծրագրեր տարբեր ոլորտներում, ինչը դրական ազդեցություն կունենա շրջանի զարգացման վրա:
Հանդիպմանը ներկա էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: