Իսպանիայի իշխանությունները վստահեցրել են, որ թույլ չեն տա Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացում: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ինյիգո Մենդես դե Վիգոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Սա նոր ռազմավարություն է (Կատալոնիայի իշխանությունների)՝ հետզհետե ավելի ռադիկալ դիրքորոշում ներկայացնելը»,- նշել է դե Վիգոն: Նրա խոսքերով, հանրաքվե անցկացնելու ցանկացած փորձ կբողոքարկվի կառավարության կողմից:
Կառավարության պաշտոնական ներկայացուցիչը նաև պնդել է, որ օրեցօր նվազում է անջատողականներին աջակցողների թիվը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կատալոնիայի ինքնավարության գործադիր իշխանության ղեկավար Կարլես Պուչդեմոնտը հոկտեմբերի 1-ին Իսպանիայից երկրամասի անկախանալու հարցով հանրաքվե է նշանակել: