2018 թվականին Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը։ Նման մեծամաշտաբ միջոցառման անցկացումն, իհարկե, շատ կարևոր է Հայաստանի համար և, անկասկած, կունենա մի շարք դրական հետևանքներ: Այդ դրական հետևանքների շարքում առաջինը թերևս միջազգային տարբեր հարթակներում մեր երկրի ճանաչելիության բարձրացումն է: Հայաստանի նման ակտիվ և լայնածավալ ներգրավածությունը տարբեր միջազգային հարթակներում թույլ կտա ձեռք բերել նոր արտաքին կապեր, նոր հնարավորություններ՝ արտաքին աշխարհի համար հնարավորինս ընկալելի դարձնելու տարբեր հարցերում մեր ունեցած դիրքորոշումները:
Այս տեսակետից տարիների ընթացքում մեզ հաջողվել է Ֆրանկաֆոնիայի շրջանակներում ձեռք բերել կարևոր գործընկերային կապեր և այդ թվում նաև նրանց միջոցով, արտաքին աշխարհին հնարավորինս ընկալելի դարձնել մեզ համար կարևոր՝ Ղարաբաղյան հակամարտության հարցում, ունեցած մեր դիրքորոշումը: Պատահական չէ և դրական է այն, որ տարիներ շարունակ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովների եզրափակիչ փաստաթղթերում կարևորվել է երեք սկզբունքների վրա հիմնված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծումը:
Կառուցելով առկա ձեռքբերումների վրա, այնուամենայնիվ ներկայումս անհրաժեշտություն է առաջանում որոշակիորեն վերանայելու մեզ համար կարևոր այս հարցի շուրջ գործընկերներից ունեցած մեր ակնկալիքները: Ակնկալիքների վերանայման անհրաժեշտությունն ավելի է կարևորվում այն պարագայում, երբ Ադրբեջանին հաջողվել է հասնել նրան, որ իր գործընկերները, օրինակ, Իսլամական Կոնֆերանս Կազմակերպության շրջանակներում, այս հարցում որդեգրեն և ունենան միակողմանի, հակահայկական դիրքորոշում: Նման պարագայում հայկական կողմերի համար առաջանում է միջազգային տարբեր հարթակներում առկա հակահայկական դիրքորոշման բալանսավորման խնդիր: