Այս օրերին Վրաստանում ընթացող վրացի լեգենդար ըմբիշներ Վախթանգ Բալավաձեի և Գիվի Կարտոզիայի անվան մրցաշարում հունիսի 10-ին Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ եզրափակիչն ավարտվել էր սկանդալով:
Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 3 տպավորիչ հաղթանակ տանելուց հետո դուրս էր եկել եզրափակիչ, որի ընթացքում հայ ըմբիշի նկատմամբ անարդար մրցավարությունը հանդիսականների շրջանում բողոքի ալիք է բարձրացրել, ինչը վերածվել է վրացիների և հայերի միջև բախման: «Արթուր Ալեքսանյանի գոտեմարտի ժամանակ գորգի մրցավարը անիմաստ միավոր տվեց Արթուրի մրցակցին, ինչը տրիբունայում բողոքի ալիք բարձրացրեց: Մինչ Արթուրը փորձում էր հետ վերադարձնել միավորները, գորգի ներքևում Արթուրի գոտեմարտին հետևող հայերի և տրիբունայում ներկա վրացիների միջև կռիվ հասունացավ և պատճառը վրացուն միավորներ նվիրելն էր: Այդ ժամանակ գոտեմարտը կանգնեցվեց:
Կռվին միացել էին նաև մեր թիմի տղաները և որպեսզի բարձրացած աղմուկը չվերածվի ծեծկռտուքի, Արթուրը մի պահ հեռացավ գորգից՝ հանգստացնելու կռվի բռնվածներին, այդ թվում և մեր թիմի տղաներին: Այդ ամենը մի քանի վայրկյան տևեց, ինչը առիթ հանդիսացավ, որպեսզի ևս 2 միավոր ավելացնեին վրացի Ռևազ Նադարեիշվիլիին և հաղթանակը նվիրեն վրացուն: Մենք փորձեցինք բողոքարկել, բայց քանի որ մրցման գլխավոր մրցավարը թուրք էր, հասկանալի էր, որ ոչինչ փոխել հնարավոր չէր», - NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը:
Արթուր Ալեքսանյանին որակազրկել են մրցագորգից դուրս գալու համար և զրկվել արծաթե մեդալից: