Ֆրանսիայի այս խորհրդարանական ընտրությունները հատկանշական դարձան մի քանի առումով: Նախ, Մակրոնի կուսակցության հաղթանակը վճռական դրվագ է Ֆրանսիայի նորագույն պատմության մեջ, քանի որ դրանով իսկ հին կուսակցությունները հետ են մղվում երկրոդ պլան: Վերջերս Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններին Հանրապետական և Սոցիալիստական կուսակցությունները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ չկարողացան հավաքել բավարար ձայներ՝ երկրորդ փուլ անցկացնելու համար:
Այս խորհրդարանական ընտրություններն առանձնացան նաև Ֆրանսիայի համար անսովոր ցածր (մոտ 51%) մասնակցության մակարդակով: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլլոնը հայտարարել է, որ նախորդ ընտրությունների համեմատ մասնակցության մակարդակը զգալիորեն նվազել է, ինչը վկայում է այն մասին, որ երկրի քաղաքական կյանքը վստահության ճգնաժամ է ապրում:
Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքին, ապա պետք է նշել, որ ահաբեկչության վտանգի պատճառով Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններն անց ենք կացվել անվտանգության ուժեղացված պայմաններում. մոտ 50 հազար ոստիկաններ ընտրությունների օրը հսկել են մարդաշատ վայրերը:
«Առաջ, հանրապետություն» կուսակցությունը ձևավորվել է ընդամենը մեկ տարի առաջ: Իսկզբանե այն կոչվում էր «Առաջ»: Այն բանից հետո, երբ Մակրոնն ընտրվեց նախագահի պաշտոնում, հրաժարվեց շարժման առաջնորդի պաշտոնից, իսկ կուսակցությունն անվանափոխվեց: «Առաջ, հանրապետություն» կուսակցությունը թեկնածուներ է առաջադրել տարբեր բնագավառներից, որոնցից շատերը նորեկ են քաղաքական ոլորտում: Ընդ որում, Մակրոնի օգնականները թեկնածուներին ընտրել են էլէկտրոնային փոստով ուղարկված ինքնակենսագրականներով:
Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններն ավանդաբար անց են կացվում երկու փուլով: Երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 18-ին, այդ օրը կքվեարկեն այն շրջանների ընտրողները, որտեղ առաջին փուլում ոչ ոք չի հավաքել ձայների 50%-ից ավելին:
Ինչևէ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արդեն շնորհավորել է Մակրոնին: Նրա շնորհավորանքն իր Twitter-ում հրապարակել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զաբերտը: