«Pour toi Arménie» հանրահայտ ու սիրված երգը կարող է դառնալ Հայաստանի նոր օրհներգը: Այս մասին հայտնել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Le Club de Richard Findykian ռադիոհաղորդաշարի ժամանակ: Այս մասին փոխանցում է Ararat News-ը:
«Ես կարծում եմ, որ «Pour toi Arménie» երգը հնարավոր է՝ դառնա Հայաստանի օրհներգը: Ես այդպես կուզեի»,- ասել է Ազնավուրը՝ հավելելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը հավանություն է տվել այդ գաղափարին:
Շանսոնյեն պատմել է նաև Հայաստան կատարած այցի ընթացքում իր որդու՝ Նիկոլայի մկրտության մասին: Նա նշել է, որ իր բոլոր երեխաները հայկական եկեղեցում են մկրտվել, իսկ Նիկոլան մկրտության համար ընտրել է իր հոր անունը:
Ազնավուրը պատմել է նաև «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին՝ նշելով, որ հիմնադրամը զբաղվելու է ամբողջ աշխարհում հայերին օգնություն տրամադրելով: