Բրիտանական հայտնի The Daily Mail ամսագիրն անդրադարձել է Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի նախկին անդամ` արքայադուստր Դիանայի կենդանության օրոք արված ձայնագրություններին, որում արքայադուստրը պատմում է իր ամուսնական կյանքի տառապանքների մասին:
Օրերս հրապարակված ձայնագրություններից մեկում պարզ է դառնում, որ ամուսնությունից կարճ ժամանակ անց արքայազն Չարլզը վերսկսել է սիրավեպը Կամիլա Պարկեր Բոուլսի հետ:
Դիանայի խոսքով՝ 1982 թվականին ինքն առաջնեկով՝ արքայազն Ուիլյամով, 4 ամսական հղի լինելու ժամանակ ինքնասպանության փորձ է արել ու գլորվել աստիճաններից թագավորական ընտանիքի նորֆոլքյան նստավայրում:
«Երբ Ուիլյամով 4-ամսական հղի էի, ինձ աստիճաններից ցած գլորեցի՝ փորձելով գոնե այդկերպ գրավել ամուսնուս ուշադրությունն ու ստիպել նրան լսել ինձ: Չարլզին ասացի, որ իր ուշադրությունը գրավելու համար եմ արել դա և հուսահատության մեջ եմ: Իսկ նա ընդամենն ասաց, որ ես կոկորդիլոսի արցունքներ եմ թափում և իր հետ միշտ այդկերպ եմ վարվում: Այդ խոսքերից հետո նա ինձ թողեց ու գնաց ձիարշավի:
Ես գիտեի, թե ինձ հետ ինչ էր կատարվում, սակայն ինձ շրջապատող մարդիկ ոչ ոք ինձ չէին հասկանում: Ես հանգստի կարիք ունեի և ցանկանում էի լինել այնպիսի մարդկանց շրջապատում, որոնք կհասկանային իմ տառապանքը...
Չարլզի հետ բավականին դժվար էր: Նա բոլորին հավատացնում էր, որ մեր ամուսնական հարաբերությունների քայքայման պատճառը բուլիմիա հիվանդությունն է:
Արքայազն Ֆիլիպը պաշտպանում էր որդուն և նույնիսկ գտնում, որ եթե ամուսնությունն արդեն մի քանի տարի է, ինչ հաջող չէ, ապա Չարլզը կարող է իրեն ազատ տղամարդու պես պահել:
Շրջապատում բոլորն ասում էին, որ ես անընդհատ խնդիրներ եմ ստեղծում ամուսնուս համար, ինձ պահում եմ երես առած երեխայի պես, բայց ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում ներսումս: Իրականում ես օգնության և ժամանակի կարիք ունեի, որպեսզի հարմարվեի բոլոր այն դերերին, որոնք պահանջվեցին ինձանից մեկ գիշերվա ընթացքում: Չարլզի հետ ամուսնանալուց հետո փորձել եմ կտրել երակներս, ինձ գցել եմ կոտրված ապակիների վրա, պատուհանից իրեր եմ դուրս շպրտել, ուստի՝ չեմ զարմանում, որ Քենսինգթոնյան պալատում մարդիկ ինձ տարօրինակ էին համարում: Ես չէի կարողանում այլևս քնել...
Բացի այդ, բոլորը քննադատում էին իմ արտաքինը: Չարլզն ասում էր, որ ես չափազանց նիհար եմ: Ամուսնանալիս հույսեր էի փայփայում առ այն, որ Չարլզը լինելու է սիրող ամուսին ու հայր, սակայն իրականությունը եղավ հիասթափեցնող:
Երկար ժամանակ նա ինձ անտեսում էր ամենուր և ամեն վայրկյան: Բոլորին ասում էր, որ անհաջող ամուսնության պատճառը ես եմ, քանի որ անընդհատ վատառողջ եմ: Երկար ժամանակ իմ ընտանիքի անդամներից և ոչ մեկը չէր իմանում՝ ինչ է կատարվում ինձ հետ: Մի անգամ, նույնիսկ, երբ ուզում էի Չարլզի հետ ինչ-որ հարց քննարկել, իսկ նա սովորականի պես անտեսեց ինձ, վերցրի նրա փոքրիկ դաշույնն ու կրծքավանդակիս հատվածում վնասեցի ինձ: Բավականին արյուն եկավ, սակայն նա այդպես էլ ուշադրություն չդարձրեց»,- ձայնագրություններում պատմել է Դիանան: