ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի երթադրյալ միջամտության գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը հետաքննություն է անցկացնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ իր աղբյուրներին հղումով։
Մայիսին Թրամփը աշխատանքից հեռացրել էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմիին, ով հետաքննություն էր վարում ՌԴ իշխանությունների հետ Թրամփի հնարավոր կապերի վերաբերյալ։
Դրանից հետո ԶԼՄ-ներում հայտնվեցին արտահոսքեր՝ ենթադրություններով, թե Թրամփը փորձել է ճնշել Կոմիին և ազդել հետաքննության ընթացքի վրա։ Սենատում լսումների ժամանակ Կոմին Թրամփին ուղղակիորեն չի մեղադրել արդարադատությանը խոչընդոտելու մեջ և հայտարարել է, որ դրանով պետք է զբաղվի հատուկ դատախազը։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Թրամփը դիտարկում է Մյուլերին հատուկ դատախազի պաշտոնից ազատելու տարբերակը։