Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի փոխզիջման միջոցով, բայց ոչ ի հաշիվ հակամարտության կողմերի ժողովուրդների և հատկապես՝ Ղարաբաղում անմիջականորեն ապրող մարդկանց: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Գոյություն ունի այդ հիրավի հին հիմնախնդրի լուծման հաստատված ձևաչափ, որը ենթադրում է փոխզիջման որոնում: Փոխզիջման որոնումը կողմերի դիրքորոշումների մերձեցումն է՝ անկախ նրանից, թե որքանով տրամագծորեն հակադիր կարող են դրանք լինել», - ինչպես հայտնում է «Ազատությունը»՝ շեշտել է Զախարովան:
«Դա դիվանագիտական աշխատանքի միջազգային պրակտիկան է՝ գտնել հանգուցալուծումներ անլուծելի թվացող հարցերով», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը՝ շարունակելով․ - «Իրավիճակը պահանջում է լուծում և առաջխաղացում: Այդ իսկ պատճառով, հատկապես վերջին ժամանակներս ինտենսիվացել են շփումները: Դրանք անցնում են տարբեր ձևաչափերով»:
«Ռուսաստանը իր կողմից՝ որպես համապատասխան ձևաչափի մասնակից, անում է անհրաժեշտ առավելագույնը, որպեսզի այդ փոխզիջումը գտնվի: Ցանկալի կլիներ, որպեսզի այն գտնվեր, ընդ որում՝ որքան շուտ, այնքան՝ լավ, բայց ոչ ի վնաս երկու երկրների ժողովուրդների ապագայի և, անշուշտ, Լեռնային Ղարաբաղում անմիջականորեն ապրող մարդկանց», - ընդգծել է Մարիա Զախարովան: