Եվրոպական խորհրդարանը կոչ է անում ազատ արձակել ադրբեջանցի լրագրող Մուխթարլիին

19:29     15 հունիսի, 2017

Եվրոպական խորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անմիջապես ազատ արձակել ադրբեջանցի հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլիին, ով առևանգվել էր Վրաստանում ու տեղափոխվել Ադրբեջան մայիսի 29-ին: Եվրոպացի պատգամավորները նաև հորդորում են նրա վրայից հանել բոլոր մեղադրանքները: Այս մասին տեղեկանում ենք Եվրախորհրդարանի պաշտոնական կայքից։

Ըստ այսօր ընդունված բանաձևի, Մուխթարլիին սպառնում է դատապարտում ու մի քանի տարվա ազատազրկում՝ «կեղծ մեղադրանքների» հիման վրա: «Ադրբեջանի իշխանություները պետք է դադարեցնեն լրագրողների ու իրավապաշտպանների ընտրովի քրեական հետապնդումներն ու ազատազրկումները, անհապաղ ազատ արձակեն քաղաքական բանտարկյալներին ու ապահովեն արդար դատաքննություն»,- պնդում են եվրապատգամավորները: 

Խորհրդարանը նաև կոչ է անում Վրաստանի իշխանություններին մանրակրկիտ հետաքննություն անցկացնել՝ կապված Մուխթարլիի անհետացման հետ ու հստակեցնել Վրաստանի պետական գործակալների ներգրավվածության կասկածները։


© armedia.am