Հունիսի 15-ին Երևանից Բաթում մեկնեց այս տարվա առաջին ուղևորատար գնացքը: Ամառային սեզոնի ընթացքում աշխատող «Արմենիա» գնացքն այդ երթուղով աշխատելու է ամեն օր` մինչև հոկտեմբերի 1-ը։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանի խոսքով գնացքի արագությունը մինչև Գյումրի 100-110 կմ/ժամ է, Գյումրիից հետո ռելիեֆի հետ կապված արագությունն ավելի փոքր է։
«Գյումրիից հետո առավելագույնը 60 կմ/ժամ է։ Մեր ռուսաստանցի ուղևորները, զբոսաշրջիկները զարմանում են, որ այդ տեղանքում նույնիսկ 60 կմ/ժամ արագությամբ ենք գնում»,- հայտնում է Մովսեսյանը։
Նշվում է, որ այս անգամ գնացքի ուղևորների թվում նաև մեծ թվով օտարերկրացիներ կային։ Ուկրաինայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկները նշեցին, որ առաջին անգամ են որոշել ծովափնյա հանգստի մեկնել հայաստանյան գնացքով, բայց հուսով են, որ ճամփորդությունը հետաքրքիր ու դիտարժան է լինելու։
«Դանդաղ է, բայց փոխարենը շատ բան կհասցնենք տեսնել։ Պատուհանից այն կողմ գեղեցիկ Արարատի տեսարանն է։ Շատ գոհ ենք»,- Sputnik Արմենիային է հայտնել ուկրաինացի զրուցակիցը։