Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի 12 թիկնապահների նկատմամբ, հայտարարել է Վաշինգտոնի ոստիկանապետ Փիթեր Նյուշամը.
Ինչպես փոխանցում է «Ամերիկայի ձայնը», Ռեջեփ Էրդողանի թիկնապահների նկատմամբ որոշվել է հետախուզում հայտարարել մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի առանձնատան առջև նրանց կողմից խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու կապակցությամբ: Քրեական գործի կապակցությամբ արդեն ձերբակալվել է չորս անձ, երկուսը միջադեպի օրը, մայիսի 16-ին, ևս երկուսն՝ այս շաբաթ: Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի թիկնապահներին, ապա նրանք կձերբակալվեն ԱՄՆ-ի տարածքում հայտնվելուն պես:
Թուրքական կողմը տեղի ունեցած միջադեպի մեջ մեղադրել էր Միացյալ Նահանգների իրավապահներին, հայտարարելով, որ Ռեջեփ Էրդողանի անվտանգությունը բավարար չափով ապահովված չէր և որ ցուցարարների ներկայությունը սպառնում էր Թուրքիայի նախագահի անվտանգությանը: «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում բարձրաստիճան պաշտոնյաների և ԱՄՆ ժամանող արտերկրյա ղեկավարների անվտանգության ապահովմամբ զբաղվող Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Էրդողանի անվտանգությունը որևէ պահի վտանգված չի եղել խաղաղ ցուցարարների կողմից: